ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՈՒՆԴ 1,5-2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀԱՎԻ ՄԻՍԸ ԹԹՎԱՍԵՐԱՅԻՆ ՍՈՈՒՍՈՒՄ։ Անհրաժեշտ է` < 400-500 գր հավի եփած կրծքամիս 4 ճ. գ. թթվասեր 1 գլուխ սոխ 1 ճյուղ սամիթ 1 թ. գ. ալյուր 70 գր սերուցքային կարագ 1 գազար աղ` ըստ ճաշակի :
Պատրաստման եղանակը Եփած միսը կտրատել մանր խորանարդաձև: Սոխը մաքրել, լվանալ, քերիչով քերել, դարձնել շիլայանման զանգված: Գազարը մաքրել, լվանալ, կտրատել մանր խորանարդաձև: Կաթսայում հալեցնել կարագը, ավելացնել սոխն ու գազարը, խառնել, կաթսայի բերանը փակել կափարիչով և եփել, մինչև գազարը կիսաեփ լինի: Այս ընթացքում թթվասերն ու ալյուրը խառնել իրար: Շոգեխաշվող բանջարեղենին ավելացնել կրծքամսի կտորները, թթվասերի ու ալյուրի խառնուրդը, աղը և խառնել: Ավելացնել մի քիչ ջուր, խառնել: 10-15 րոպե եփելուց հետո ավելացնել կտրատած սամիթը, կրակն անջատել, կաթսայի բերանը փակել կափարիչով, թողնել 10 րոպե, և ուտեստը պատրաստ է: Կարելի է մատուցել և՛ բրնձի հետ, և՛ որպես առանձին ուտեստ: Ի դեպ, կարելի է կրծքամիսն աղալ մսաղացով, որպեսզի ուտեստն ավելի նուրբ ստացվի: