ՀՂԻՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑԿԱՑՐԵՔ ԱՌԱՆՑ ՏԱԳՆԱՊԻ
Մայրիկ դառնալու ճանապարհը թեկուզև երկար չէ, բայց լի է հույզերով, վախերով, դժվարություններով, երբեմն էլ` մենակությամբ, որովհետև շրջապատը դժվարանում է հասկանալ, կամ շատ բան համարում է սովորական: Հղիության ամիսները կանանց համար դառնում են իսկական փորձություն, քանի որ մեծամասնությունը հաճախ ունենում է ներքին անհանգստությունª հղիության ընթացքի, երեխայի զարգացման և այլ հարցերով պայմանավորված: Անգամ փոքրիկի ծննդից հետո մայրիկներին հանգիստ չեն տալիս ներքին հույզերն ու անհանգիստ սպասումները: Այս խնդիրների շուրջ է մեր զրույցը հոգեբան-հոգեթերապևտ Արման Բեգոյանի հետ:
-Հղի կնոջ մեջ ո՞ր գործոններն են հանգեցնում անհանգստության, անգամ լավ արտահայտված տագնապի: -Տագնապն ընդհանրապես մարդուն բնորոշ զգացողություն է, իսկ հղի կանանց դեպքում հոգեբանական խնդրի ցանկացած դրսևորում առաջին հերթին պետք է փնտրել հորմոնալ փոփոխությունների մեջ, որի դեպքում կարող են ի հայտ գալ խնդիրներ, որոնք մինչ հղիությունը կնոջ մոտ չեն դիտարկվել: Բնականաբար, տագնապի զգացումը նույնպես պայմանավորված է այդ հանգամանքով: Չպետք է բացառել նաև, որ այդ խնդիրները կարող են ունենալ զուտ փսիխոգեն ծագում, և այստեղ առաջնայինը ոչ թե հորմոնալ, այլ զուտ հոգեկան աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն են:
-Հղի կնոջ հոգեկան աշխարհի խաթարման գործում ի՞նչն է առաջնային: -Իհարկե, անորոշությունը: Պետք է հիշել ու հասկանալ, որ տագնապային խանգարումների դեպքում ամենամեծ պատճառներից մեկը անորոշության նկատմամբ անհանդուրժողականությունն է: Հղի կինը հենց այդ զգացումն է ունենում: Նա չգիտի, թե ինչպես կընթանա հղիությունը, ինչպիսին կլինի ծննդաբերությունը, և երեխան արդյո±ք կլինի լիարժեք առողջ:
-Կա՞ն արդյոք հոգեբանական հնարքներ, որոնք կինը կարող է կիրառել: -Ամեն ինչ պայմանավորված է խնդրի դրսևորման ու արտահայտվածության աստիճանով: Եթե այդ զգացումը խանգարում է կնոջը, ապա անհրաժեշտ է դիմել հոգեկան առողջության մասնագետի` հոգեբանի, հոգեբույժի կամ հոգեթերապևտի: Լինում են դեպքեր, երբ կինը կարող է ինքնուրույն հաղթահարել այս բարդույթը, սակայն հակառակն էլ է հնարավոր:
-Արդյո՞ք ընտանիքի անդամների աջակցությունը չի թեթևացնի կնոջ ապրումները: -Կարծում եմ` պատասխանս շատ սպասելի է: Նման դեպքերում պետք է մասնագետի աջակցություն: Երբեմն, ելնելով հայ մարդու` ընտանիքի անունն ու հեղինակությունը բարձր պահելու ցանկությունից, արգելում են խոսել խնդրահարույց հարցի շուրջ: Սակայն, չպետք է մոռանալ, որ ցանկացած հարց ունի լուծման կարիք, քանի որ անհանգստացնող խնդիրը հակում ունի մեծանալու և դժվարացնելու մարդու կյանքը:
-Հնարավո՞ր է, որ կնոջ անհանգիստ հղիությունն իր ազդեցությունը ունենա պտղի վրա: -Հոգեբանության մեջ սա ամենադժվար ուսումնասիրվող թեմաներից մեկն է, բայց կան հիմքեր մտածելու, որ ապագա մայրիկի հոգեվիճակը կարող է անմիջական ազդեցություն թողնել երեխայի հոգեկան աշխարհի վրա: Պետք է հիշել, որ ինֆորմացիայի փոխանակման գործում պատասխանատուն սպիտակուցներն են, որոնք երեխան ստանում է մայրիկից: Ապագա մայրիկի խոսքը, երազանքները, հույզերը կարող են ազդել երեխայի վարքի վրա և սա, անկասկած, կարող է իր հետքը թողնել անձի ձևավորման գործում: Հետևաբար, եթե կինը զգում է, որ ունի իրեն խանգարող զգացողություններ, կասկածներ, տրամադրության փոփոխություն, ապա անպայման պետք է դիմի հոգեբանի
Զրուցեց Էլմիրա Ղազարյանը