ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԳԵՂԵՑԻԿ ԳՅՈՒՂԵՐԸ
Բոլոր նրանց համար, ովքեր ուզում են հանգստանալ խաղաղ մի անկյունում, այս վայրերն ուղղակի անփոխարինելի են: Ահա աշխարհի ամենաչքնաղ գյուղերից մի քանիսը:
ՎԵՆԳԵՆ (ՇՎԵՅՑԱՐԻԱ) Աշխարհի այս խաղաղ անկյուններից մեկը գտնվում է Յունգֆրաու տարածաշրջանում, Բեռնյան Ալպերի վրա` 1274 մ բարձրությամբ: Այն ավանդական ալպյան մի գյուղակ է, որն ունի 1300 բնակիչ: Ամռանն այստեղ ապրողների թիվը հասնում է 5000-ի, իսկ ձմռանը` 10000-ի: Պատմական աղբյուրներում այս վայրն առաջին անգամ նշվել է 1268 թվականին: Դարերի ընթացքում այս չքնաղ ալպիական հանգստավայրում են եղել Հուլիոս Կեսարը, Նապոլիոնը, Հիտլերը, ինչպես նաև համաշխարհային սպորտի, մշակույթի, գիտության ու բիզնեսի գրեթե բոլոր խոշոր դեմքերը: Հատկապես ձմռանը գյուղը հիանալի մի վայր է լեռնադահուկային մարզաձևերի սիրահարների համար:
ԲՋՆԻ (ՀԱՅԱՍՏԱՆ) Կոտայքի մարզում, Հրազդան գետի աջ ափին, Հրազդան քաղաքից 13 կմ հեռավորության վրա է գտնվում Բջնի գյուղը: Այն հայտնի է իր հանքային ջրով և պատմամշակութային հուշարձաններով: Այս գյուղը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Առաջին անգամ նրա մասին հիշատակում է պատմիչ Ղազար Փարպեցին: Բջնեցի Աթիկ քահանան հայոց սպարապետ Վահան Մամիկոնյանի հավատարիմ զինակիցներից էր: 1387-1388 թթ. գյուղը ենթարկվում է Լենկթեմուրի ավերածություններին` 1673 թ. այստեղ է իջևանել Ֆրանսիացի ճանապարհորդ Շարդենը: 1770 թվականին Բջնի է այցելել նաև ճանապարհորդ Տուրնեֆորը: Բջնիի կենտրոնում են գտնվում Սբ. Գևորգ (XIII դար) և Սբ. Աստվածածին (1031 թ.) եկեղեցիները, իսկ հյուսիսարևելյան կողմում` Սբ. Սարգիս եկեղեցին (VII դար):
ԲԻԲՈՒՐԻ (ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ) Գլոստերշիր կոմսությունում գտնվող այս չքնաղ անկյունը ոգևորում է անգամ նկարիչներին ու պոետներին: Թվում է` ժամանակն այստեղ կանգ է առել: Նեղլիկ փողոցները, 17-18-րդ դարերում կառուցված տները, Սուրբ Մարիայի եկեղեցին, 16-րդ դարից հայտնի գորգագործական արհեստանոցները հիանալի մթնոլորտ են հաղորդում այս տարածքին: Հասարակական փոխադրամիջոցներ այստեղ չեն աշխատում, և ոչինչ չի խաթարում գյուղի կուսական գեղեցկությունը:
ՍԱՎՈԿԱ (ԻՏԱԼԻԱ) Այս հիասքանչ վայրը հայկական պատկերացումներով հազիվ, թե հնարավոր լինի գյուղ համարել: Ձյունաճերմակ ու բաց վարդագույն, կանաչ բուսականության ու ծաղիկների մեջ թաղված առանձնատներ, դարպասների կարմրավուն սյուներ, արևի տակ նիհրող բրդոտ կատուներ, մաքուր և ոչ մարդաշատ փողոցներ ,և այս ամենը 300 մետր բարձրության վրա: Սիցիլիայի այս հրաշք անկյունում էլ կատարվել են <<Կնքահայր>> ֆիլմի նկարահանումները, և ֆիլմի սիրահարները մեկ անգամ չէ, որ եկել են Սավոկա` տեսնելու հայտնի Վիտելի բարը և Սուրբ Լյուչիայի եկեղեցին: Իսկ պատմության սիրահարները գալիս են այստեղ` տեսնելու Կապուցիների մենաստանը և Պենտեֆուր ամրոցը:
ՊԱՐԻԱՆԳԱՆ (ԻՆԴՈՆԵԶԻԱ) Այս չքնաղ գյուղում ապրում են մինանգկաբաու ցեղի հետնորդները և հետաքրքրասերները բազմաթիվ տեղեկություններ կարող են ստանալ նրանց մասին: Բնության գեղեցիկ պեյզաժները և ավանդական սրածայր գագաթով տանիքները գյուղին մի առանձնահատուկ հմայք են հաղորդում: Այս վայրը գտնվում է Մերապի գործող հրաբուխի հարևանությամբ, որը վերջին 20 տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ ժայթքել է:
ԶԱԱՆՍԵ ՍԽԱՆՍ (ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ) Պատկերացնելու համար, թե ինչպիսին է եղել Հոլանդիան 17-րդ դարում, պետք է լինել հենց այս գյուղում: Թեև այն գտնվում է Ամստերդամին շատ մոտ, այնուհանդերձ, հեռու է մնացել քաղաքային թոհուբոհից ու ժամանակակից քաղաքակրթությունից: Այստեղ կարելի է տեսնել քամիով աշխատող ալրաղացներ, 17-րդ դարի ֆլամանդական վարպետների կառուցած տներ, որտեղ ներկայում նկարազարդում են ճենապակին, պատրաստում և վաճառում են փայտե կոշիկներ:
ԱՔՈՐԻ (ՀԱՅԱՍՏԱՆ) Աքորի գողտրիկ գյուղը գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, Ալավերդի քաղաքից 3 կմ դեպի հարավ-արևելք, Լալվար լեռան հարավարևելյան ստորոտին: Նախկինում գյուղը պատկանել է կոմս Լորիս Մելիքովներին (Լոռվա մելիքներին): 1800-ական թվականներին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով գյուղը փլվածքի տակ էր մնացել, սակայն հետագայում փլատակների վրա նորն կառուցվել: Գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է <<Բգավոր>> գյուղատեղին (10-14 դդ.) իր համանուն եկեղեցիով: Այստեղ են գտնվում Սբ. Գրիգոր (X-XII դդ.), Ագեղցի (X-XIII դդ.), իսկ 4 կմ հարավ- արևելք` ձորի մեջ` Սբ. Գևորգ եկեղեցին: